Մեզ դավաճանության և հայրենիքը հանձնելու մեջ մեղադրելը անթույլատրելի է, հոգնել ենք վիրավորանքներից․ Էդուարդ Աղաջանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա։ Այս մասին, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ խորհրդարանը, Արցախի Հանրապետության խորհրդարանի օրինակով ընդունի օկուպացված տարածքների վերաբերյալ օրենք, ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, այդ հարցին անդրադարձել եմ և որևէ մեկնաբանություն չունեմ»,– ասաց Աղաջանյանը։
Լրագրողի այն հարցին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համարո՞ւմ է, որ Արցախի տարածքները օկուպացվել են Ադրբեջանի կողմից, Աղաջանյանը ասաց․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը այդ հարցում հետևյալն է․ այն ստատուս քվոն, որ կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, որը սկսվել է միջազգային բոլոր օրենքների խախտումներով, սա է մեր արձանագրումը, որը միջազգային հարթակներում պետք է գնահատականի արժանանա»։
Անդրադառնալով օրեր առաջ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «մատ թափ տալ» արտահայտությանը, Աղաջանյանը նշեց, որ իրենք հոգնել են անիմաստ մեղադրանքներից և վիրավորանքներից։
«Ամեն անգամ, երբ մեզ մեղադրում են դավաճանության մեջ, հայրենիքի 75 %-ը հանձնելու մեջ, անթույլատրելի է և դրան միշտ պետք է լինի արձագանք։ Իրենց ցանկացած ասածի համար պետք է պատասխան տան»,– ասաց Աղաջանյանը։










