Էլ քանի՞ մահ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։
«Էլ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից: Սպասում ենք որոշման։ Փակել երկինքը կա՛մ այն ուժով, որն ունեք, կա՛մ մեզ տվեք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը:Սա այն օգնությունն է, որն աշխարհը պետք է տրամադրի ոչ միայն Ուկրաինային, այն ինքն իրեն՝ ապացուցելով, որ մարդկությունը հաղթելու է»,- ասել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակելու են ռուսական ինքնաթիռների վրա, դա կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սեփական բնակչությանը», - ասել է Բերբոկը:
Նա նշել է, որ դաշինքը պատասխանատու է միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար և չի կարող ռիսկի դիմել, որ Ուկրաինայում պատերազմը տարածվի այլ երկրներում և վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքները «խփում են հենց սրտին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










