Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով

20:09 • 07.03.22

Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպան Մելինդա Սիմոնսը լքել է երկիրը` ելնելով անվտանգության նկատառումներից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեր դեսպանը լքել է Ուկրաինան անվտանգության լուրջ իրավիճակի պատճառով»,- ասել է նա:

Երկուշաբթի ավելի վաղ ՄԹ արտգործնախարարությունը հայտնել էր, որ անվտանգության վատթարացման պատճառով բրիտանացի դիվանագետներն այլևս չեն կարողանա հյուպատոսական օգնություն ցուցաբերել անմիջապես Ուկրաինայի տարածքում։ Ինչպես ասել է ԱԳ նախարարը՝ երկրում բրիտանական ոչ մի դիվանագիտական առաքելություն այլեւս չի գործում։

Նշենք, որ փետրվարի վերջից բրիտանացի դիվանագետներն աշխատում էին Լվովից, որտեղ տեղափոխվել են Կիևից։