Գորիսի նախկին շուկայի սեփականատերերից մեկը իմ որդին է, անձամբ ես կապ չունեմ․ Սյունիքի նախկին մարզպետը՝ մոթելի սեփականատեր լինելու մասին
Գորիսի նախկին շուկայի շենքի 9 սեփականատերերից մեկը իմ որդին է, անձամբ ես կապ չունեմ։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում իր պաշտոնավարման ժամանակահատվածում սեփականություն ձեռք բերելու վերաբերյալ քննարկումներին։ Նշենք, որ մամուլում հրապարակումներ կան, որ նա նախկին շուկայի, այժմ մոթելի սեփականատեր է։
«Գորիսի նախկին շուկան այժմ չկա, որոշակի փոփոխությունների է ենթարկվել, այժմ շուկայի փոխարեն այլ շենք է։ Այնտեղ ես սեփականություն չունեմ։ Կա 9 սեփականատեր, որից մեկը իմ որդին է, սեփականատեր է դարձել իմ մարզպետ դառնալուց առաջ։ Մարզպետ լինելու ժամանակահատվածում ես ոչնչի մասին չեմ մտածել, ինձ համար մի մետր տարածք ձեռք բերելու մասին անգամ չեմ մտածել, իմ առաքելությունը այլ էր՝ միտված հայրենիքի անվտանգությանը»,- ասաց Պողոսյանը։
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եկամուտների հայտարարագրում հաշվառված է 1 անշարժ գույք Գորիսում, 4 հողամաս, որից մեկը Գորիսում, 3-ը Տեղ գյուղում, 2 հողին ամրակայված անշարժ գույք Գորիսում և 4 ավոտոմեքենա։
Մելիքսեթ Պողոսյանի որդիներից Կարեն Պողոսյանը հայտարարագրել է 10 շինություն Գորիսում։
Նրա մյուս որդին՝ Մասիս Պողոսյանը, ով Սյունիքի մարզի դատախազի առաջին տեղակալն է, հայտարարագրել է 1 բնակարան Երևանում, 1 անհատական բնակելի տուն Գորիսում, 2 ավտոմեքենա։










