«Եդինայա Ռոսիա»-ից պատգամավորն առաջարկել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքում երկիրը լքած գործարարներին ու դերասաններին արգելել վերադառնալ ՌԴ

12:09 • 07.03.22

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Բիյսուլթան Խամզաևն առաջարկել է արգելել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքում երկիրը լքած գործարարներին ու դերասաններին վերադառնալ Ռուսաստան, հայտնում է kommersant.ru-ն։

«Բոլոր փախածներին պետք է արգելել երկիր վերադառնալ։ Նման պահին բոլորին անհրաժեշտ է միավորվել ու ստեղծագործել՝ հանուն Ռուսաստանի զարգացման ու հզորացման», - ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։