Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Շոյգուի դեմ

12:20 • 07.03.22

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել 100 ռուսաստանցիների՝ պաշտոնյաների, գործարարների, լրագրողների նկատմամբ։ Ցուցակում ընդգրկված են նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է kommersant.ru-ն։

Պատժամիջոցները ներառում են պետության տարածք մուտքի արգելք։ Ցուցակում են նաև ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, Ռոսնեֆտի գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, գործարար Յուջին Պրիգոժին, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Համաձայն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության վերաբերյալ Նոր Զելանդիայի ԱԳՆ հայտարարության, պատժամիջոցները կներառեն ակտիվների սառեցում և Նոր Զելանդիայում հաշիվներին գումար փոխանցելու անկարողություն, օդային տարածքի փակում:

Ավելի վաղ մի քանի երկրներ և միություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Ճապոնիան, պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության համար։ Դրանք վերաբերում են ռուս քաղաքական գործիչներին, առաջատար բանկերին ու ընկերություններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։