Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կենսաբանական զենք չի մշակում
Ուկրաինան չի զբաղվում կենսաբանական զենքի մշակմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել երկրի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հայտարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հերքում է «ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ռազմական կենսաբանական ծրագրի հետքերից շտապ մաքրման» և «հատկապես վտանգավոր պաթոգենների ոչնչացման» մասին տեղեկությունները։
«Ուկրաինայի բոլոր լաբորատոր հաստատությունները կատարում են մեկ ընդհանուր գործառույթ՝ ինֆեկցիոն հիվանդությունների ախտածինների ցուցում և նույնականացում, որոնք ունեն զգալի համաճարակային պոտենցիալ և կամ միջազգային նշանակություն ու ենթակա են կարգավորման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնակարգերի», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն Պենտագոնին կից սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։
Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին դրանք բոլորը հանձնարարություն են ստացել Ուկրաինայի առողջապահության նախարարությունից՝ ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։ Կիրիլովը նշել է, որ հավաքածուների վերացման ընթացակարգն ուղղված է դրանց անդառնալի ոչնչացմանը, քանի որ, ըստ ամենայնի, ռազմական կենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն հանվել է Ուկրաինայի տարածքից։










