Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

09:53 • 07.03.22

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության մասին, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ օրվա սկզբից ռուսական զորքերը շարունակում են հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին՝ շարունակելով օգտագործել Բելառուսի օդանավակայանային ցանցը։

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ մարտի 6-ի տվյալներով՝ ռուսական զորքերը կորցրել են 285 տանկ, 48 ուղղաթիռ և 44 ինքնաթիռ։ Կիևի պնդմամբ՝ ռուս զինվորների զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։