«Անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ, հետո հետ տանե՞մ»․ ավտոմեքենաների մաքսազերծումը կրկնակի կթանկանա, ավտոարտադրողները բողոքում են

17:22 • 09.03.22

 

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ շենքի դիմաց՝ պահանջելով  չբարձրացնել ավտոմեքենաների մաքսազերծման գումարները: «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը որոշել է երկուշաբթի օրվանից կրկնակի բարձրացնել մաքսազերծման արժեքները և հսկիչ գները: 

«Ես 3500 դոլարով Ամերիկայից անսարք ավտոն առնում եմ, բերում եմ, երկու ամիս ծախսում եմ, անսարք մեքենան սարքում եմ ու նոր ներմուծում Հայաստան: Հիմա ես անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ, հետո հետ տանե՞մ: Այսինքն՝ իրենք ուզում են, որ այն փողը, որ ես ներդնում եմ մեքենան սարքելու վրա, դրա 40-50 տոկոսն էլ ուզեն: Կամ ես մեքենան բերում եմ, տրանզիտ համարներով վաճառում եմ, Հայաստանում չեմ քշում, բնապահպանական վճարն ինչո՞ւ պետք է վճարեմ»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ գործող մաքսազերծման գների սահմանման ժամանակ իրենք չեն ընդվզել, ուստի պետությունը նորից փորձում է բարձրացնել մաքսազերծման գումարները։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մտավ ՊԵԿ–ի շենք և դուրս գալուց հետո նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուրբաթ կրկին հանդիպելու և հարցը քննարկելու։