Խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են․ Անդրանիկ Քոչարյան

14:21 • 09.03.22

Արցախում մարտի 7–ի գիշերը և մարտի 8–ին եղել են ականանետային կրակոցներ, որոնց վերաբերյալ տրվել է պաշտոնական հաղորդագրություն, դրանից ավել որևէ գործողություն չի եղել, վիրավորներ, զոհեր չունենք, իսկ  Լիսագորի հատվածում վնասվել է  գազատարը։ Անդրադառնալով վերջին օրերին Արցախում ադրբեջանցիների  կողմից իրականացրած սադրանքներին և գյուղերի ուղղությամբ կրակելու դեպքերին` ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Քանի որ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը ՌԴ–ն է, որը մեկ այլ վայրում գտնվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել արցախյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»,– ասաց Քոչարյանը։

Վերջինս վստահ է՝ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են։

Ինչ վերաբերում է օրերս  Երասխում հակառակորդի կողմից  հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ զոհ և վիրավոր, Անդրանիկ Քոչարյանը նշեց․

«Նախկինում էլ  կային զոհեր, պետք է ամեն մի դեպքը ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է  այն տրամաբանությունը, որ կան հրադադարի պահպանման պայմանավորվածություններ։ Յուրաքանչյուր դեպք պետք է ուսումանսիրվի և մեղավորները պետք է պատժվեն»։