ՌԴ-ն կորցրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռազմական տեխնիկայի 8-10%-ը. CNN

11:14 • 09.03.22

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռուսական ռազմական ակտիվների 8%-ից 10%-ն այժմ ոչնչացված է կամ անգործունակ: Ինչպես նշում է CNN-ը, նման տեղեկություն է հայտնել հետախուզական թարմ տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյան:

Կորցրած տեխնիկան ներառում է տանկեր, ինքնաթիռներ, հրետանի և այլ ռազմական միջոցներ: ԱՄՆ-ի գնահատմամբ, Ուկրաինան կորցրել է իր ռազմական ակտիվների նույնքան տոկոսը, ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։