Միջուկային պատերազմն անհնար է, քանի որ դա կնշանակի քաղաքակրթության վերջ. ՌԴ ԱԳՆ
Միջուկային պատերազմն ըստ դրա սահմանման անհնար է, քանի որ դա կնշանակի քաղաքակրթության վերջ։ Այս մասին հինգշաբթի «Վալդայ» միջազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նման պատերազմն անհնար է, կարծում եմ՝ շատ մասնագետներ ու փորձագետներ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միջուկային պատերազմը»,- ասել է նա;
«Միջուկային հնգյակի» երկրները (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), չնայած այսօր առկա հակասություններին, կիսում են այն կարծիքը, որ միջուկային պատերազմն անհնար է, ասել է Վիշնևեցկին։
«Մենք հինգ միջուկային տերություններ ենք: Նրանցից ոմանք իրենց միջև շատ լուրջ հակասություններ ունեն: Դա այժմ նկատելի է ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Այնուամենայնիվ, մենք համատեղ հայտարարություն ենք անում (միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին): Սա ընդհանուր ըմբռնում է, հիմքը, որի վրա հիմնված է իրավիճակի ըմբռնումը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ չի հավատում միջուկային պատերազմի հնարավորությանը:
«Ես չեմ ուզում հավատալ դրան և չեմ հավատում: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միջուկային թեման դաշտ է նետվել բացառապես արևմտյան ներկայացուցիչների, առաջին հերթին ՆԱՏՕ-ի կողմից»,-ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ Մոսկվան զգուշանում է այն փաստից, որ Արևմուտքը հաճախ է հիշում հակամարտության նման սրման հավանականությունը. «Իհարկե, տագնապալի է, երբ Արևմուտքը «ըստ Ֆրոյդի» շարունակ վերադառնում և վերադառնում է նույն թեմային»:










