Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 710 հրթիռ. Պենտագոն

09:37 • 10.03.22

Ռազմական գործողության սկզբից Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 710 հրթիռ։ Այս թիվը ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Գրեթե բոլոր հրթիռները, որոնք արձակվել են ինչպես Ուկրաինայի տարածքից, այնպես էլ դրսից, ուղղված են եղել Ուկրաինայի արևելյան հատվածի օբյեկտներին: Եթե ուղիղ գիծ քաշեք Կիևից դեպի Օդեսա, ապա գրեթե բոլոր հարվածները կենտրոնացված են այս գծից դեպի արևելք»,- մանրամասնել է նա։

Միաժամանակ ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, որպեսզի խաղաղ բնակչությունն ապահով լինի ինչպես հրթիռային, այնպես էլ օդային, հրետանային և այլ հարվածներից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։