Որքա՞ն է կազմում 5 գրամ աղը և արդյո՞ք ամեն անգամ հնարավոր է օգտագործել այդ չափաբաժինը. մասնագետը փորձարկում է արել (տեսանյութ)

19:23 • 10.03.22

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարաել է տեսանյութ, որում փորձարկում է արել՝ ցույց տալու համար աղի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնության հիմնավորվածության աստիճանը։

Պիպոյանը սկզբում փորձել է, թե քանի անգամ է պետք թափահարել աղամանը, որպեսզի գոնե 1 գրամ աղ թափվի, և նշել է՝ նույնիսկ 20 անգամ թափահարելու դեպքում աղամանից աղի օրական նորման չի թափվի:

Ապա Պիպոյանը թեյի գդալով չափել է աղը և պարզել, որ 5 գրամ աղը գերազանցում է 1 թեյի գդալի պարունակությունը։

«Եթե կարծում եք, որ դուք ամեն անգամ հաց ուտելիս կարող եք սրանից մի քանի անգամ շատ աղ օգտագործել, ես իսկապես ձեզ հորդորում եմ կրճատել աղի քանակությունը։ Իսկ մնացած դեպքերում երաշխավորում եմ հետևել ապացուցողական սննդագիտությանն և հավատալ ոչ թե «ծակ պրոֆեսորներին»,այլ միայն գիտական ուսումնասիրություններին»,- ասում է Պիպոյանը։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը օրենսդրական նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։