Պակիստանում տղա առաջնեկ ցանկացող հայրը սպանել է յոթօրական դստերը
Պակիստանում տղամարդը ձերբակալվել է յոթօրական դստերը սպանելու կասկածանքով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարսափելի արարքի դրդապատճառը եղել է այն, որ հայրը ցանկացել է՝ առաջնեկը որդի լինի:
Ջանաթ անունով աղջիկ երեխան մահացել է հինգ կրակոց ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Միանվալի քաղաքում և ցասման ալիք բարձրացրել երկրում:
Պարբերականը մանրամասնում է, որ հայրը՝ Շահզաիբ Խանը, եկել է տուն, կնոջը կարգադրել է իրեն տալ երեխային, ինչից հետո էլ գնդակահարել է փոքրիկին: Այնուհետև նա փախուստի է դիմել դեպքի վայրից, բայց ավելի ուշ բերման է ենթարկվել:
Կնոջ հորեղբայրը՝ Հիդայաթուլլահ Խանը, պաշտոնական բողոք է ներկայացրել սպանության համար կասկածվողի դեմ: Նա ասել է, որ Տղամարդը հրաժարվել է տուն գալ այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը աղջիկ է լույս աշխարհ բերել և հրաժարվել է ընդունել նրան: Օրեր անց կասկածյալը մտել է ընտանեկան տուն, որտեղ հավաքվել էին հարազատները և հրամայել կնոջը հանձնել Ջանաթին իրեն:
«Կասկածյալը վերցրել է աղջկան իր ձեռքը և գնդակահարել նրան», - ասել է նա:
Հիդայաթուլլան պնդել է, որ ինքը փորձել է երեխային խլել Շահզաիբից, սակայն կասկածյալը ատրճանակն ուղղել է նրա և մյուս հարազատների վրա և սպառնացել կրակել, եթե նրանք մոտենան:
Պակիստանի որոշ շրջաններում գործում են ցեղային ավանդույթներ առ այն, որ նորածին աղջիկը կարող են դիտվել որպես վիրավորանք տղամարդկության:










