Բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայան Մարիուպոլի ռմբակոծված ծննդատանը աղջիկ է լույս աշխարհ բերել. BBC

15:11 • 11.03.22

Մարիաննա Պոդգուրսկայան, ում ռուսական լրատվամիջոցները մեղադրում էին Մարիուպոլի ծննդատան ռմբակոծության մասին կեղծ տեղեկություն տարածելու մեջ, երեկ այնտեղ աղջիկ է լույս աշխարհ բերել։

BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է լրագրող Օլգա Տոկարիուկը։

Լրագրողը նշել է՝ նա և երեխան լավ են, միայն բողոքում են ցրտից և շարունակվող գնդակոծությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել առ այն, որ Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել է քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։

Ավելի ուշ ուկրաինական ԶԼՄ-ներում տարածվեցին ուսանկարներ, որոնցում պատկերվում են «Մարիուպոլի մանկական հիվանդանոցից ռմբակոծությունից հետո տարհանվող կանայք»: 

«Ամենաաղմկոտ իրադարձությունը, որը շտապեցին լուսաբանել արևմտյան լրատվամիջոցները, ռուսական հրթիռով Մարիուպոլի ծննդատան ենթադրյալ խոցումն էր: Հրթիռակոծված շենքից հղի կնոջ տարհանման կադրերը դժվար թե կարող են անտարբեր թողնել որևէ մեկին։ Բայց աղջիկը, պարզվեց, ուկրաինացի հայտնի բյութի բլոգեր է։ Իսկ լուսանկարներն արվել են ոչ թե արտակարգ դեպքի վայր ժամանած առաջին փրկարարների կամ զինվորականների, այլ ամերիկյան Associated Press լրատվական գործակալության լուսանկարչի կողմից»,- գրել էր Российская Газета-ն:

Ըստ կայքի՝ լուսանկարներում երևացող հղի կինը ուկրաինացի բյութի բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայան է: