Պուտինը կողմ է Շոյգուի առաջարկին. ուկրաինացիներից գրավված արևմտյան զենքերը կփոխանցվեն Դոնբասի ուժերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ արևմտյան արտադրության զենքերը, որոնք հայտնվել են ռուս զինվորականների ձեռքում, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Խնդրում եմ արեք դա», - դիմել է Պուտինը Շոյգուին և հավելել, որ եթե նախագահի մակարդակով այս հարցում որևէ որոշում պահանջվի, նա պատրաստ է ընդունել այն։
Հանդիպմանը պաշտպանության նախարարության ղեկավարը հանդես է եկել Դոնբասի զինված ուժերին ուկրաինացիներից գրավված զենքերը փոխանցելու նախաձեռնությամբ՝ ընդգծելով, որ դա կօգնի ապահովել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միլիցիայի ավելի բարձր մարտական պատրաստվածություն: Շոյգուն առաջարկել է նրանց փոխանցել հակաօդային պաշտպանության սարքավորումներ, մասնավորապես դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր և հակատանկային հրթիռային համակարգեր։
Բացի այդ, Շոյգուն տեղեկացրել է, որ ռուսական զինված ուժերը մեծ քանակությամբ ուկրաինական զինատեսակներ են կուտակել։
«Դրանք տանկեր են, զրահատեխնիկա և բոլոր տեսակի հրետանային զինատեսակներ, բավականին շատ, հրետանի: Բացի այդ, կան բազմաթիվ Javelin և Stinger համակարգեր»,- մանրամասնել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










