Կիևի մարզում ավիահարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում
Կիևի մարզի Վասիլկով քաղաքում ավիահարվածից հետո կրկին հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Այս մասին մարտի 12-ի առավոտյան հայտարարել է Կիևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան։
Ոստիկանության շրջանային վարչությունը հավելել է, որ ռուս զինվորականները Վասիլկովի ռազմական օդանավակայանի տարածքում առնվազն 6 հրթիռ են գցել, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ հարձակումների արդյունքում վնասվել է զինամթերքի պահեստ, որտեղ արկեր են պայթել, այնուհետև հրդեհ է սկսվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:










