Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներն ուժը կորցրել են․ այժմ դրված է խնդիր՝ հասնելու նպատակներին. Ռյաբկով
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ուղարկված առաջարկները կորցրել են ուժը, քանի որ իրավիճակն ամբողջությամբ փոխվել է: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում։
«Այժմ արմատապես այլ իրավիճակ է, հարց է դրված՝ հասնել այն նպատակադրումներին, որոնք մեր երկրի ղեկավարությունը դրել է»,- հայտարարել է Ռյաբկովը։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը լուրջ ջանքեր է ներդրել, որպեսզի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չխարխլվի, ինչը, սակայն, իր բնորոշմամբ՝ տեղի է ունեցել՝ ուկրաինական իշխանությունների վարած անպատասխանատու քաղաքականության արդյունքում, որը համակարգվում է Արևմուտքի կողմից։
«Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությանը, ինչպես նաև հետագայում սպառազինությունների վերահսկմանը, ապա դա կախված է նրանից, թե որքանով դրան պատրաստ կլինեն մեր հակառակորդները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն պատրաստ է վերսկսել երկխոսությունը, եթե դրան պատրաստ է նաև ԱՄՆ-ն։










