Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը․ լրատվամիջոցներ

08:25 • 12.03.22

Փետրվարի վերջին Առաջին ալիքի եթերում «Երեկոյան Ուրգանտ» շուուի թողարկումը դադարեցնելուց հետո համացանցում լուրեր տարածվեցին հայտնի հեռուստահաղորդավարի՝  աշխատանքից ազատվելու մասին, սակայն այժմ լրատվամիջոցները հայտնում են Ուրգանտի՝ երկիրը լքելու հավանական որոշման մասին, գրում է starhit.ru-ն։ 

Ենթադրվում է, որ Ուրգանտը կնոջ ու դուստրերի հետ մեկնել է Իսրայել։ Հայտնի է, որ 2018 թվականին նա Իսրայելի քաղաքացիություն է ստացել, ուստի դեպքերի նման զարգացումը հավանական կարող է լինել։

Առայժմ հայտնի չէ` որքան ժամանակ է Ուրգանտն ընտանիքի հետ պատրաստվում անցկացնել Իսրայելում, քանի որ ներկայում հայտնիներից շատերն են անորոշ ժամանակով լքում ՌԴ-ն, սակայն իրավիճակին քաջատեղյակների խոսքով` աստղային ընտանիքը պարզապես հանգստի է մեկնել։

43-ամյա աստղն այժմ իսկապես ազատ ժամանակ ունի, քանի որ փետրվարի վերջին «Երեկոյան Ուրգանտ» շուուն Առաջին ալիքի եթերում փոխարինվել է քաղաքական շոուով։ Խմբագրությունում վստահ են, որ սա միայն ժամանակավոր բնույթ է կրում և իրավիճակի կարգավորումից հետո շոուն կրկին եթերում կհայտնվի, սակայն Քսենիա Սոբչակի խոսքով՝ հեռուստաշոուն վերջնական փակելու որոշումն արդեն կայացված է։