100 000 դոլար, տուն, հողատարածք. Ուկրաինայում պարգև է հայտարարվել Կադիրովի գլխի համար
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, գրում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ Կադիրովը, որոշ աղբյուրների պնդմամբ, այժմ գտնվում է Ուկրաինայի տարածքում:
Մասնավորապես, նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի գլխի համար առաջարկում է 100 000 դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին առաջարկում է Կիևի մերձակայքում գտնվող տուն և կից հողատարածք:
Անցած հանգստյան օրերին ռուսական թելեգրամյան ալիքները հրապարակել են Կադիրովի մասնակցությամբ տեսանյութեր՝ ռուս զինվորականների հետ, որոնցում ասվում էր, որ նա գտնվում է Կիևի մարզում: Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ «եթե Կադիրովը իսկապես Կիևում է, ապա Ուկրաինայի զինված ուժերը կոչնչացնեն նրան»։ Սրան Կադիրովը պատասխանել է. «Ինչո՞ւ եթե, չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ պետք է գամ ձեր դուռը թակեմ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:










