Զենքը, գումար, պարեն. Բայդենը «խոստումներ» է տվել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային և նրա քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պայքարում։ Բայդենն այս մասին գրել է Twitter-ում։ ԱՄՆ նախագահի տված խոստումների թվում են զենքը, գումարը, պարենը և այլ օգնություն։
«Մենք կհամոզվենք, որ Ուկրաինան զենք ունենա ռուսական ուժերից պաշտպանվելու համար: Մենք գումար, սնունդ և օգնություն կուղարկենք ուկրաինացիների կյանքը փրկելու համար», - վստահեցրել է Ջո Բայդենը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ուկրաինացի փախստականների վրա։
«Մենք գրկաբաց կընդունենք ուկրաինացի փախստականներին»,- խոստացել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:










