Թշնամուն սպանելը մեղք չէ. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ

13:03 • 15.03.22

Թշնամուն մահ մաղթելը և սպանելը մեղք չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Եպիփանիուսը, գրում է korrespondent.net-ը։

«Մենք չենք ցանկանում մեր հարևանների մահը: Բայց քանի որ նրանք են եկել մեր տուն, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր հողը: Մեր զինվորները պաշտպանում են բոլոր ուկրաինացիներին: Պաշտպանելը, թշնամուն սպանելը մեղք չէ: Մենք պաշտպանում ենք, մենք ուրիշինին չենք ձգտում, իսկ մեզ մոտ սրով եկողը այդ սրից կմեռնի»,- ասել է հոգևորականը հեռուստամարաթոնի եթերում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: