«Վերադարձե՛ք և պաշտպանե՛ք քաղաքը». Կլիչկոն դիմել է Կիևից հեռացած տղամարդկանց

17:46 • 15.03.22

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքից հեռացած կիևցիներին կոչ է արել վերադառնալ և պաշտպանել քաղաքը։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:

Քաղաքապետի խոսքով՝ այսօր կարևոր են Կիևի յուրաքանչյուր քաղաքացու ջանքերը։ Կլիչկոն նշել է, որ շատ կանայք և երեխաներ մեկնել են անվտանգ վայրեր։ Եվ շատ տղամարդիկ, որոնք տարել են իրենց ընտանիքները, վերադարձել են քաղաք։

«Կոչ եմ անում նրանց, ովքեր դա դեռ չեն արել. կիևցի տղամարդիկ, վերադարձե՛ք, մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքն ու մեր ապագան, և ոչ թե նստենք ինչ-որ մի տեղ ու կարեկցենք», - ընդգծել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ գիշերը մի քանի պայթյուն է որոտացել Կիևում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։