ՆԱՏՕ-ին և ՌԴ-ին անհրաժեշտ են հաղորդակցման ուղիներ՝ ռազմական միջադեպերից խուսափելու համար. Ստոլտենբերգ
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ՝ ռազմական միջադեպերից խուսափելու համար
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված կողմնակի միջադեպերը հաստատում են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կապի ուղիները պահպանելու անհրաժեշտությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Հարցին՝դաշինքն ի՞նչ հնարավորություններ ունի դիտավորյալ սպառնալիքներից պատահական միջադեպերը տարբերելու համար, նա պատասխանել է՝ օրինակ բերելով Խորվաթիայում վթարի ենթարկված ԱԹՍ-ի դեպքը։
«Ըստ Զագրեբի մերձակայքում կործանված ԱԹՍ-ի մասին մեր ունեցած տվյալների՝ սա զինված անօդաչու չէ, բայց սա ցույց է տալիս, որ օդային տարածքում ռազմական գործողությունների սրման հետ մեկտեղ մեծացել է միջադեպերի վտանգը, և մենք պետք է զգոն լինենք, պետք է արձագանքենք, երբ անհրաժեշտ լինի»,- ասել է Ստոլտենբերգը։










