Գյումրիում ոստիկանները քաղաքացի Կ. Պողոսյանին տապալել են գետնին, ձեռքերը ոլորել. վերջինս ստացել է ձեռքի կոտրվածք. Թովմասյանը դիմում է դեսպաններին՝ այս դեպքը ուշադրության կենտրոնում պահելու խնդրանքով
Ահազանգ եմ ստացել, որ Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի արդյունքում վերջինս ստացել է ձեռքի փակ կոտրվածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետև խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։
Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից։
Ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցները քրեական օրենսգրքի 137․1 (Ծանր վիրավորանքի) հոդվածի շրջանակներում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստում։
Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ խնդրելով այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում և իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- գրել է Թովմասյանը։










