Ալեն Սիմոնյան ու Արցախի խորհրդարանականներն անդրադարձել են Արցախում գազատարի վթարի հետևանքով առաջացած խնդիրներին, անվտանգային հարցերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւ անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարեւորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետեւանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարեւորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:










