Ճապոնիայում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա ցունամիի վտանգ (լրացված)

18:48 • 16.03.22

19:50

Չորեքշաբթի օրը 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափի մոտ, հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ, օվկիանոսից մոտ 60 կմ խորության վրա: Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում մինչև 1 մետր բարձրությամբ ցունամիներ են կանխատեսվում։ Մոտ մեկ րոպե տեւողությամբ ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Տոկիոյում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փորձագետները ստուգում են երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում արտակարգ իրավիճակների առկայությունը։ Օնագավա (Միյագի պրեֆեկտուրա) և Տոկայ-2 (Իբարակի պրեֆեկտուրա) փակված ատոմակայաններում անոմալիաներ չեն հայտնաբերվել:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակի ներքո ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ տեղեկատվություն հավաքելու համար։

Ինչպես նշվում է, այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Ցնցումները զգացել են երկրի պրեֆեկտուրաների կեսից ավելիի բնակիչները։

Մի քանի երկաթուղային գծերի վրա ընդհատվել է գնացքների շարժը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը՝ երկրաշարժից հետո Տոկիոյում 700 հազար հոսանքազրկման դեպք է գրանցվել։ Հյուսիսարևելյան պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Ֆուկուսիմայում, մոտ 150 հազար անջատում է գրանցվել։

 

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել են օդերևութաբանները:

Աղբյուրը նշում է, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում տատանումները շարունակվում են ավելի քան մեկ րոպե։

Սեյսմոլոգները հայտնել են, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք կա, և հավելել, որ առաջին ցունամիի ալիքները Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո տների պատերը ճոճվում են: