Աֆղանական գյուղի բնակիչները զանգվածաբար վաճառում են իրենց երիկամները՝ գումար հայթայթելու համար
Աֆղանստանի գյուղերից մեկը՝ Հերաթ քաղաքի մերձակայքում գտնվող Շենշայբա Բազաարը, ճանաչում է ձեռք բերել որպես «մեկ երիկամի գյուղ»: Պատճառն այն է, որ բնակիչների մի ստվար խումբ գումար հայթայթելու համար վաճառել է իր երիկամներից մեկը, գրում է Oddity Central-ը:
Աղբյուրը նկատում է, որ Աֆղանստանը տնտեսապես վատ վիճակում է եղել, սակայն թալիբների իշխանության գալուց հետո, իրավիճակն էլ ավելի է վատացել: Դրա հետևանքով բնակիչներից շատերը օրվա հացի խնդրին են բախվել:
Շենշայբա Բազաարի բնակիչների մի մասը որոշել է երիկամները վաճառել սև շուկայում՝ պարտքերը մարելու և սնունդ գնելու համար:
Մարդու օրգաններ վաճառելը կամ գնելն անօրինական է աշխարհի շատ երկրներում, բայց Աֆղանստանում դա կանոնակարգված չէ, և դոնորի կողմից գրավոր համաձայնության դեպքում, բժիշկները հանգիստ կարող են գործել: Թե ինչ է կատարվում օրգանի հեռացումից հետո, ուր են գնում օրգանները, իրականում ոչ ոք չգիտի, և բժիշկները խոստովանում են, որ երբեք չեն ուսումնասիրում այդ հարցերը, քանի որ դա իրենց գործը չէ։
«Չէի ուզում, բայց ոչ մի տարբերակ չունեի: Ես դա արեցի իմ երեխաների համար: Հիմա ափսոսում եմ, այլևս չեմ կարող աշխատել, ցավեր ունեմ և չեմ կարող ծանր բան բարձրացնել», - Agence France Presse-ին ասել է 32-ամյա հայր:
«Ես վաճառեցի իմ երիկամը 2900 դոլարով: Ես ստիպված էի դա անել: Ամուսինս չի աշխատում, պարտքեր ունենք», - ասել է մի կին:
«Իմ երեխաները շրջում են փողոցներում, զբաղվում մուրացկանությամբ: Եթե երիկամս չվաճառեմ, ստիպված կլինեմ վաճառել մեկ տարեկան աղջկաս», - ավելացրել է երեք երեխաների մայր Ազիզան:










