Այսօր հայկական պետականությունը ղեկավարում է թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող տեսակը․ Ասպրամ Կրպեյան

15:06 • 17.03.22

Մենք այստեղ հավաքվել ենք շատ կարևոր արձանագրումներ անելու. նախ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, դրա համար ամենանվիրական զոհողությունն է մատուցվել հայրենիքին և հայ մարդուն։ Այս մասին ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, կբացահայտեն թուրք-ադրբեջանական օրակարգի առաջմղումը և դրա սպասարկումը։ Ցավոք, այսօր հայկական պետականությունը ղեկավարում է հենց այդ տեսակը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը»,- ասաց Կրպեյանը։

Կրպեյանը նշեց՝ համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ. «Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնել, կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկու լինելը»։

Պատգամավորը ընդգծեց՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, հայ մարդու արժանապատվությունը սակարկելի չէ, հայ դատը սակարկելի չէ։