Պարզվել է, թե ով է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարողը․ shamshyan.com

11:32 • 18.03.22

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։

Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։