Աֆղանստանում թալիբներն արգելել են ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն

13:51 • 18.03.22

Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժումը պաշտոնապես արգելել է երկրում ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռարձակողների հետ հանդիպման մասնակիցներից մեկը: Աֆղանստանում ավելի վաղ սերիալներ են հեռարձակել, մասնավորապես, Հնդկաստանից և Թուրքիայից:

Դրանք, ինչպես նաև այդ երկրներից երաժշտությունը, տարածված են եղել մեծ լսարանի շրջանում: Աֆղանստանի հեռարձակողների ներկայացուցիչների հետ «Թալիբան»-ի մշակույթի հանձնաժողովի և արգելման գործերի նախարարության աշխատակիցների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 17-ին: «Թալիբները հստակորեն ասել են՝ դադարեցնել դարի և փուշտու լեզուներով (Աֆղանստանում առավել տարածված լեզուները) թարգմանված ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն»,-հայտնել է հանդիպման մասնակիցը:

Նրա խոսքով՝ նոր իշխանությունները նշել են, որ արգելքը խախտելու դեպքում ոչ մի արդարացում չեն ընդունի: ՌԻԱ «Նովոստի»-ի զրուցակցի կարծիքով, օտարերկրյա սերիալների արգելքը հավասարազոր է հեռուստատեսային հեռարձակման դադարեցմանը: «Աֆղանստանում չկա կինոինդուստրիա և չկա ոչ մի սերիալ կամ ֆիլմ, որը կարող է փոխարինել արտասահմանյանին: Այդ սահմանափակումը նշանակում է, որ հարկավոր է անջատել հեռուստացույցները»,-ասել է նա: