Այնպես չանեք՝ սկսեմ անուններով խոսել, իմ անունից զգույշ խոսեք, «Не первый день замужем». Երևանի քաղաքապետ
Իմ ականջին տարբեր բաներ են հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած ավատական ակտից և շինթույլտվություններից։ Նորից բացահայտ ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է, ավարտական ակտերի մասին անգամ ես եմ հիշեցնում։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երբ ասում են՝ քաղաքապետը զբաղված է և ավարտական ակտ չի ստորագում, դա սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ այդ դեպքերում զանգել թեժ գիծ և ասել՝ ով է իմ անունը շահարկել։
Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք անգամ ես շինթույլտվությունների փոստ եմ նայում, միգուցե ծանրաբեռնված է, չենք հասցնում, ծավալուն են, բայց մեկ ամիս հետո մենք այդ հարցերը կլուծենք, որպեսզի կարողանանք համայնքի բնակիչներին նորմալ ծառայություններ մատուցել, պետք չէ շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է, ի՞նչ է նշանակում՝ զբաղված է։ Բացեք քաղաքապետարանի կայքը ու տեսեք ամսի քանիսից է փոստ ստորագրվում»,- ասաց նա և հավելեց, որ այդտեղ ուրիշ միտում է տեսնում։
«Ես այստեղ ուրիշ միտում եմ տեսնում։ Այնպես մի արեք, որ սկսեմ զբաղվել ու անուններով տեսնել՝ ովքեր են նման բաներ ասում։ Ես մինչև ժամը 9-ը նստում, փոստ եմ նայում, եթե ես փոստ չնայեմ, դուք առավոտ 9-ից գործ չեք անելու։ Գիտեմ՝ ինչ եմ ասում, ասում են «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք է էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում է: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ ինիցիատորները մի քանի հոգի են», - ասաց Սարգսյանը։










