Բաքվից պահանջում եմ ժամ առաջ վերականգնել Արցախի գազի մատակարարումը․ ՔՊ-ական պատգամավոր
Բացարձակ չեմ պատրաստվում խոսել ներքաղաքական հարցերից։ Խոսքը գնում է Արցախի մեր քաղաքացիների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցի մասին։ Այս մասին ԱԺ–ում ելույթի ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
«Ես ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից և ջեռուցումից զրկել էր արցախահայությանը։ Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Արդբեջանի կողմից այն դադարեցվել է։ Եվ սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։
Մենք իհարկե առաջին հերթին Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով՝ զբաղվում ենք այս խնդրով և շարունակելու ենք զբաղվել։ Սակայն ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը։ Սա բացառապես հումանիտար հարց է»,- ասաց պատգամավորը։










