Ռուս պրանկերներն Զելենսկու անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետքարտուղարին, նա խոստացել է հարցերը քննարկել վարչապետի հետ (տեսանյութ)

09:59 • 22.03.22

Հայտնի ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) զանգահարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետքարտուղար Բեն Ուոլասին՝ զրույց վարելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի անունից:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պրանկերներից մեկը բրիտանացի պաշտոնյային ասել է, որ Ուկրաինան, իբր, ցանկանում է զարգացնել միջուկային ծրագիրը Ռուսաստանից պաշտպանվելու համար և այս հարցում խնդրում է Մեծ Բրիտանիայի օգնությունը:

Այս խնդրանքն անակնկալի է բերում նախարարին, որը սկսում է տատանվել ու ընդգծում է, որ Ռուսաստանին դա սարսափելի դուր չի գա: Դատելով պաշտոնյայաի արձագանքից՝ այդ խնդրանքը նրան «անհարմար դրության» մեջ է դնում: Այնուհետև նա ասում է, որ Լոնդոնն աջակցում է Ուկրաինայի ընտրությանը:

«Սակայն նման մեծ հարցերի շուրջ պիտի խոսեմ մեր վարչապետի հետ»,-ընդգծել է պետքարտուղարը:

Պարբերականը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը, մեկնաբանելով հեռախոսազանգը, հայտարարել է, որ այդ ամենը Կրեմլի սցենարն է:

Վերոնշյալ պրանկերները նմանատիպ հեռախոսազրույցներ են անցկացրել բազմաթիվ համաշխարհային ղեկավարների ու քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Բորիս Ջոնսոնի, Անգելա Մերկելի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, արքայազն Հարիի հետ: Կասկածներ կան առ այն, որ նրանք համագործակցում են ռուսական հատուկ ծառայությունների հետ, սակայն երիտասարդները հերքել են այս ենթադրությունը: