Կադիրովը չեչեն կամավորների հերթական խումբն է ուղարկել «Ուկրաինան բանդերականներից ազատագրելու» համար
Չեչեն կամավորների հերթական խումբը՝ ամբողջական մարտական հանդերձանքով, Գրոզնիից մեկնել է Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Նրանցից յուրաքանչյուրն անձամբ է նախաձեռնել իր ուղարկումը»,- մանրամասնել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև ասել է, որ չեչեն մարտիկների առաջ խնդիր է դրված «ազատագրել Ուկրաինան բանդերական ավազակներից, նացիկներից (նացիստներից-Խմբ.) և տարբեր տեսակի շեյթաններից»։
Նախօրեին Կադիրովը հայտարարել էր Չեչնիայի անվտանգության ուժերի նոր ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:










