Պետք է հասկանանք՝ էլ ավելի դատապարտող հայտարարությունը ո՞ւմ օգտին է այս խաղի մեջ. Միրզոյանը՝ «Շուշիի հռչակագրի» առնչությամբ Հայաստանից նոր դիրքորոշում հայտնելու մասին (տեսանյութ)

19:13 • 23.03.22

Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է ԱԳՆ-ի՝ դեռ նախորդ տարվա հունիսին արած հայտարարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց՝ «Շուշիի հռչակագիրը» պարունակում է հակահայկական, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ, ապա հիշեցրեց, որ այն վավերացվել է Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների կողմից, դրանից հետո այն ստորագրվել է նաև Թուրքիայի նախագահի կողմից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ ԱԳՆ-ի 2021-ի հունիսի հայտարարությունից հետո որևէ գործողություն, արձագանք՝ ԱԳՆ-ի մակարդակով տրվե՞լ է, թե՞ ոչ:

Միրզոյանն ի պատասխան ընդգծեց. «ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Վարդևանյանը նկատեց՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությամբ գնահատական տրվել է, երբ  այդ հռչակագիրը եղել է զուտ հռչակագրի մակարդակում, հետաքրքրվեց՝ երբ այն վավերացվել է, ստորագրվել, ինչ-որ իմաստով ավելի բարձր իրավաբանական մակարդակ է ստացել, արդյոք դրան չպե՞տք է հաջորդի մեկ այլ դիրքորոշում:

Միրզոյանը ընդունեց՝ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը: