ԱՄՆ-ն պատասխան ծրագիր է մշակում այն դեպքի համար, եթե Մոսկվան գործի դնի իր ամենահզոր զենքերը. New York Times

17:48 • 24.03.22

Սպիտակ տունը ստեղծել է պաշտոնյաների թիմ՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար պատասխան պլան մշակելու այն դեպքում, եթե Մոսկվան գործի դնի իր ամենահզոր զենքերը, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միաժամանակ խմբի պաշտոնյաները նման սցենարը քիչ հավանական են համարում։ Ըստ հրապարակման աղբյուրների՝ խոսքը այսպես կոչված «Վագր» խմբի մասին է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խմբի ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրել է փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից չորս օր անց։

Խումբն ուսումնասիրում է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման պատասխանները, ինչպես նաև՝Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի տարածքում Ուկրաինայի համար նախատեսված զենքի և օգնության շարասյունների վրա ռուսական հնարավոր հարձակման վերաբերյալ:

Այն նաև դիտարկում է հարևան երկրներ, այդ թվում՝ Մոլդովա և Վրաստան, ռազմական գործողությունների «տարածման» տարբերակները և ուսումնասիրում է, թե ինչպես նախապատրաստել եվրոպական երկրները ուկրաինացի փախստականների հոսքին, հայտնել են աղբյուրները: