Ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին, տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք․ Փաշինյան
Տնտեսության հետ կապված՝ ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին։ Պետք է արձանագրենք, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի առաջին 20 օրվա տվյալներով Հայաստանում ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510․000-ով, իսկ դրամաշրջանառությունը աճել է ավելի քան 60 մլդր դրամով, սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022թ.-ին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան, սա լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առջև ծառացած ամենամեծ խնդիրը չէ։
«Այն ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով և այդ տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է մեզ վրա։ Մենք գտնվում ենք երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, և մեզ համար ցանկալի կետին հասնելու համար պետք է ցուցաբերենք ճկունություն և լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասաց Փաշինյանը։










