«Տեղի ունեցածը առևանգում էր Արայիկ Հարությունյանի ցուցումով»․ Arcakh24-ի խմբագիրը մանրամասներ է հայտնում իր ու լրագրողի վերաբերյալ
Արցախում գործող Arcakh24.info լրատվական կայքը երեկ տեղեկություն էր հրապարակել, որ գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանն առևանգվել են։ Լրատվամիջոցը հայտնել է.«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։
Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման»։
Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղարկված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` Արայիկ Հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում):
Առավոտյան մանրամասն կտեղեկացնեմ Ձեզ այն ամենի մասին, թե ինչը է տեղի ունեցել»:
Ավելի ուշ Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ որոշ մանրամասներ է հայտնել երեկ Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի և արցախցիների միջև տեղի ունեցած հանդիպումից։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։
«Նախապես Հարությունյանը շեշտել էր, որ նկարահանում տեղի չունենա, քանի որ ներկայացնելու է գաղտնի ու կարևոր տեղեկութուններ։ Երբ հասավ իմ հարց տալու հերթը և պատրաստվում էի խոսել, Հարությունյանը գոռաց և ասաց, «սո՛ւս արա մի հատ», ես էլ պատասխանեցի՝ «դու լռի՛ր», ինչից անմիջապես հետո ձեռքերիցս բռնեցին, ընդ որում այդ գործընթացին մասնակցում էր Ներքին գործերի նախարարը, Ստեփանակերտի ոստիկանության բաժանմունքի պետը, ձեռքերիցս բռնեցին, սկսեցին քաշքշել։ Ես կկանգնած էի մեջտեղում և չորսկողմս ոստիկաններ էին, հետո ինձ տարան, տեղավորեցին մեքենայի մեջ, ինձ հետ մեքենայի մեջ նստեցրել էին ևս մեկ հոգու, որոնք, հավանաբար ևս դուր չէին եկել Հարությունյանի թիմակիցներին։ Ինչից հետո մեքենան սկսեցին քաղաքով, տարբեր տեղերով քշել։ Մեզ առևանգել էին ըստ էության։ Հետո տարան քաղաքի ծայրամասում իջեցրեցին ու ասացին՝ գնացեք։ Սա բերման ենթարկել չէր, այլապես մեզ ոստիկանական բաժանմունք կտանեին, ընդ որում ես ոչ մի կարգ չէի խախտել, պարզապես հարցեր ունեի Հարությունյանին»։










