Դեռ ժամանակը չէ. Պուտինի պատասխանն Իտալիայի վարչապետին՝ Զելենսկու հետ հանդիպման և կրակը դադարեցնելու վերաբերյալ

16:07 • 31.03.22

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեռ չի եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու ժամանակը, ոչ էլ կրակի դադարեցման համար պայմաններն են հասունացել։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

«Ես Պուտինին հայտնեցի, որ Զելենսկու հետ հանդիպումը անհրաժեշտ է համաձայնագրի հանգույցները լուծելու համար։ Պատասխանն այն էր, որ ժամանակը դեռ չի եկել», - ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը։

Դրագին նաև ասել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը Իտալիան տեսնում են որպես Կիևի անվտանգության երաշխավոր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: