Ադրբեջանը «պաշտպանվել է». Էրդողանը՝ Փառուխի դեպքերի մասին

16:42 • 31.03.22

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններն անվանել է «պաշտպանական պատասխան»։ Ավելի վաղ ադրբեջանական զինուժը մտել էր ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և Փառուխ գյուղում հարվածներ հասցրել ԼՂՀ զինված ուժերին:

Էրդողանն ասել է, որ Ադրբեջանը կատարում է Ռուսաստանի և Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրի դրույթները:

«Քանի որ «հարձակում է եղել Ադրբեջանի վրա» (չակերտները՝ Tert.am), եղել է նաև պաշտպանական պատասխան։ Գլխավորը եռակողմ համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հայկական զինված տարրերի» (չակերտները՝ Tert.am) ամբողջական հեռացումն ապահովելն է»,- Էրդողանի խոսքը մեջբերում է CNN Turk-ը։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքել էր ՌԴ ՊՆ-ին։ Մինչդեռ Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։