Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ (տեսանյութ)

12:03 • 01.04.22

14:00

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը  Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Գործընկերոջս մանրամասներ  ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

12։55

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։