Քաղաքապետարանը բերել է մեկ ժամ դպրոցում չաշխատած Դիանա Մինասյանին, ու ինձ ասում են՝ դու դուրս արի, դա միտո՞ւմ չէ․ Չեխովի դպրոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար

16:06 • 02.04.22

Երեկ Չեխովի անվան դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցչական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ ի նշան նոր տնօրենի պաշտանակատար Դիանա Մինասյանի նշանակման։ Նրանք պահանջում են, որ մինչև հաջորդ մրցույթ, որը պետք է տեղի ունենա ապրիլի 14-ին, շարունակի պաշտոնավարել ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանը, տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար ով քաղաքապետարանի որոշմամբ իրականացնում էր ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները։ Tert.am-ը թեմայի հետ կապված զրուցել է Տաթևիկ Մելքոնյանի հետ։

 –Տիկի՛ն Մելքոնյան, Դուք Չեխովի անվան դպրոցի տնօրենի ժ\պ եք նշանակվել դեկտեմբերի 15-ին, ինչից հետո եղել է ահմանված կարգով մրցույթ։ Ինչպե՞ս են ի սկզբանե բաշխվել ձայները Ձեր և քաղաքապետարանի ներկայացրած թեկնածու Դիանա Մինասյանի միջև, ինչպե՞ս եք իմացել քաղաքապետարանի կողմից նոր տնօրենի նշանակման մասին։

–Ես  քաղաքապետարանի որոշմամբ դպրոցի տնօրենի ժ\պ եմ նշանակվել դեկտեմբերի 15-ին, քանի որ գործող տնօրեն Գայանե Սարուխանյանի պայմանագրի ժամկետը լրացել է այդ օրը։ Որոշման մեջ գրված էր՝ նշանակել Տաթևիկ Մելքոնյանին ժամանակավոր պաշոտանակատր  մինչև մրցույթում հաղթող կճանաչվի թեկնածուն։ Մրցույթը տեղի ունեցավ մարտի 10-ին և որևէ թեկնածու չհաղթեց։ Ես ստացա 5 ձայն՝ ստանալով մանկավարժական և ծնողական խորհրդի 4 և նախարարության ներկայացուցչի 1 ձայները,  Դիանա Մինասյանը հավաքեց 4 ձայն՝ հավաքելով քաղապետարանի ձայները։ Ըստ կարգի՝ հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով ստացել է 6 ձայն, այդ պատճառով ոչ ոք հաղթող չճանաչվեց։ Հաջորդ մրցույթը հայտարարվել է ապրիլի 14-ին, սակայն քաղաքապետարանը որոշեց ապրիլի 1-ով փոխել տնօրենի պաշտոնակատարին և նշանակել Դիանա Մինասյանին։ Դրա մասին ես իմացել եմ բանավոր, առանց ծանուցման։ Երեկ զանգահարել են և ասել՝ «տիկի՛ն Մելքոնյան, խնդրում ենք այսօր որևէ փաստաթուղթ չստորագրել», ես էլ հումորով պատասախենլ եմ՝  ամենակարևոր բանն եք, չէ՞, ինձ տեղեկացնում ։  Հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, ինչ- որ փոփոխությո՞ւն է եղել, ասացին, որ այո, պաշտոնակատարը փոխված է։  Այդ մասին տեղեկացրել եմ մեր մանկավարժական թիմին, իրենց թվաց ապրիլմեկյան կատակ եմ անում ու ասացին՝ դաժան լուրեր մի հայտնիր, բայց երբ հասկացան, որ կատակ չէ, սկսեցին բողոքի ակցիան, ինչին միացել են ծնողները, աշակերտները։ Մանկավարժական թիմից զանգահարել են քաղաքապետարան և խնդրել, որ վարչության պետը գա դպրոց, ով բնականաբար չի եկել, փոխարենը 5 հոգու կանչել է իր մոտ։ Ծնողական խորհրդի նախագահին տեղեկացրել են փոփոխության մասին, ինչից հետո ծնողները և աշակերտները որոշեցին գնալ քաղաքապետարան ի նշան բողոքի։ Ես որոշել էի չգնալ, բայց ստիպված էի դուրս գալ, որովհետև Բաղրամյան պողոտայով կես ժամ վանկարկում էին իմ ազգանունը, ես չէի կարող երեխաներին մենակ թողնել, ուստի միացա իրենց։ Քաղաքապետարանը իջավ հանիպելու ծնողների  ու աշակերտների հետ ու ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է փոխվել պաշտոնակատարը, ասաց՝ այդպես ենք որոշել։

–Երեկ ծնողները, աշակերտները և դպրոցի ուսուցչական կոլեկտիվը բողոքի ակցիա էին իրականացնում, ծնողները անգամ նշել էին, որ պատրաստ են հանել իրենց երեխաներին դպրոցից, ի՞նչ տրամադրվածություն կա այս պահին, ի՞նչ պլաններ կան։

–Գիտեք, ես պատասխանատվություն եմ կրում իմ աշակերտների կրթություն ստանալու համար, ես թույլ չեմ տա, որ հիմա ընդվզման որևէ շարժում լինի, բայց փոխքաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ծնողները ասացին, որ մինչև ապրիլի 14-ը՝ մրցույթի օրը, կսպասեն և կտեսնեն՝ ինչ դիրքորոշում ունի քաղաքապետարանը, ըստ դրա կորոշեն՝ շարունակել պայքարը, թե՞ ոչ։

–Երեկ քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել թեմայի հետ կապված, ի՞նչ դիրքորոշում ունեք, քաղաքապետարանի պարզաբանումը բավարարե՞լ է Ձեզ։

–Իրենց պարզաբանման մեջ ոչ մի նոր բան չեն ասել, ընդամենը տնօրենի մրցույթի կարգի հղումն են արել, որ քաղաքապետարանը նշանակում է կամ փոխտնօրենին, կամ դրսից մեկին։ Այս դեպքում ինձ էին նշանակել և որոշել են փոխել ու նշանակել մի թեկնածուի, ով ձայներ չի հավաքել ծնողական և մանկավարժական խորհրդում, պարզաբանման մեջ հիմնավորում, որպես այդպիսին, չկար։

–Քաղաքապետարանի այս որոշման մեջ միտում տեսնո՞ւմ եք և ի՞նչ կասեք տարածված այն խոսակցությունների մասին, որ Դիանա Մինասյանի անունը կապվում է իշխանական ներկայացուցիչներից մեկի՝ Տիգրան Ավինյանի անվան հետ,  հրապարակումներ կային, որ նա Ավինյանի ընկերոջ տիկինն է։

–Հարցին՝ միտում կա, թե չկա, եթե պատասխանեմ այո կամ ոչ, երկուսն էլ ճիշտ չի լինի։ Իրենք ասում են պաշտոնակատարը պետք է փոխվի, դա միտո՞ւմ չէ։ Ինչ վերաբերում է, որ նրա անունը կապվում է Տիգրան Ավինյանի անվան հետ, նման խոսակցություններ ես էլ եմ լսել, երեկ բոլոր լրատվամիջոցները դրա մասին էին գրում։ Այդ ամեն ինչը չէր լինի, եթե չեզոք մարդ նշանակվեր, մենք հենց դա էլ խնդրում էինք՝ նշանակել մեկին, ով չի հավակնելու այս մրցույթին, այդ դեպքում գործընթացը կլիներ թափանցիկ, ազնիվ ու ճիշտ։ Փակուղի են ստեղծել, մենք ուզում ենք մրցույթը կայանա, իրենք բերում են Դիանա Մինասյանին, իսկ ինձ ասում են՝ դու դուրս արի։ Հիմա, որ Դիաննա Մինասյանը աշխատեր ու ձայներ հավաքեր, ես կգնահատեի, շնորհակալություն կհայտնեի անաչառ աշխատանքի համար։ Մինասյանը անգամ դպրոցում մեկ ժամ չի աշխատել, ինքը դասախոս է, հաշվապահական հաշվառման մասնագետ է, դա ասում եմ՝  ելնելով իր նկարագրածից ու իր ինքնակենսագրությունից։

–Տիկի՛ն Մելքոնյան, որո՞նք են լինելու ձեր հետագա գործողությունները։

Ես երեկ սպասում էի, որ պաշտոնակատարը գար աշխատանքի և ես դիմում գրեի դուրս գայի՝ նշելով, որ չեմ ուզում աշխատել այս դպրոցում, բայց այս դպոցում իմ ունեցած ներդրումները, կատարած աշխատանքները այնքան շատ են, որ  կոլեկտիվի պահանջն է, որ ես շարունակեմ աշխատել։ Ես կմնամ մինչև ապրիլի 14-ը, կտենենք՝ ինչպիսինն է կառավարման խորհրդի դիրքորոշումը, դրանից հետո կհասկանանք, ծնողներն էլ արդեն թույլ չեն տա, որ  այս վիճակը շարունակվի։

Հիշեցնենք, որ Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել:

Հաշվի առնելով վերոգրյալը Երևանի քաղաքապետի որոշմամբ Դիանա Մինասյանը նշանակվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

 Նր ընտրության դեմ երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի աշակերտները, ծնողները և ուսուցչական անձնակազմը։