Ուկրաինայում «աֆղանացում» չի լինի. ՌԴ-ն դուրս կգա բոլոր տարածքներից, բացի հարավից և արևելքից. Զելենսկու գրասենյակ

13:03 • 02.04.22

Ռուսաստանը դուրս կգա Ուկրաինայի բոլոր տարածքներից, բացառությամբ հարավի և արևելքի. նրանք կփորձեն թելադրել իրենց պայմանները։ Այս մասին շաբաթ՝ ապրիլի 2-ին, Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինայում «աֆղանացում» և Ռուսաստանի Դաշնության համար երկար, հյուծիչ հակամարտություն, ինչպես ոմանք ակնկալում են, չի լին։ Ռուսաստանի Դաշնությունը կլքի բոլոր տարածքները, բացի հարավից և արևելքից, կփորձի ամուր խրամատավորվել այնտեղ, հակաօդային պաշտպանություն տեղակայել, կտրուկ նվազեցնել կորուստները և պայմաններ թելադրել։ Մենք չենք կարող առանց ծանր զենքի, եթե ուզում ենք ռուսներին ավելի հեռու քշել»,- ասել է Պոդոլյակը։

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը զինվորականներին տանում է դեպի Դոնբաս և Խարկովի ուղղությամբ, որտեղ հզոր հարվածներ է նախապատրաստում։ Երկրի ղեկավարը բարդ մարտեր է կանխատեսել՝ շեշտելով, որ Ուկրաինան պատրաստվում է ակտիվ պաշտպանության։

Հիշեցնենք, որ Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է:

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ակնկալում է պարտավորություններ աշխարհի «առաջատար երկրներից», որ ուկրաինական պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: