Հունգարիայում «ՖԻԴԵՍ» կուսակցությունը հաղթել է ընտրություններում․ Վիկտոր Օրբանը կմնա վարչապետի պաշտոնում
Հունգարիայի իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ հաղթել է հերթական խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են կիրակի՝ մարտի 3-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյին հղումով, «ՖԻԴԵՍ»-ը դաշնակցի՝ Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հետ կարող է ստանալ խորհրդարանի 199 մանդատից 135-ը։
Իշխող կուսակցական դաշինքը կպահպանի Հունգարիայի օրենսդիր մարմնում սահմանադրական մեծամասնությունը, ինչը կարևորագույն նշանակություն կունենա նոր կառավարության օրակարգի կյանքի կոչման համար։ 58-ամյա Օրբանն արդեն չորրորդ անգամն է անընդմեջ վարչապետ ընտրվում։
Ընտրություններին նախորդած հարցումներն արդեն իսկ կանխատեսել էին արդյունքները, սակայն Օրբանի նման տպավորիչ հաղթանակը միևնույն զարմացրել է փորձագետներիից շատերին։ Այժմ նրանք չեն կասկածում, որ հարևան Ուկրաինայում ծավալված ռազմական կոնֆլիկտի պայմաններում Օրբանը ճիշտ քաղաքական կուրս է ընտրել։ Նա հայտարարել էր, որ ամեն ինչից վեր է դասում իր երկրի շահերը, հրաժարվել էր զենք մատակարարել Կիևին և դեմ էր արտահայտվել ռուսական նավթի և գազի գնման էմբարգոյի սահմանմանը՝ միևնույն ժամանակ դատապարտելով Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները և միանալով Մոսկվայի դեմ ԵՄ-ի սահմանած այլ պատժամիջոցներին։
Օրբանը նաև մեղադրել էր քաղաքական ընդդիմությանը Հունգարիային ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձերի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով Կիևի իշխանությունների հետ համաձայնության մեջ մտնելու համար։ Հայտարարելով, որ Հունգարիայի քաղաքացիներին սպասվում է ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև՝ Օրբանը կարողացել է ոչ միայն համախմբել «ՖԻԴԵՍ»-ի կողմնակիցներին, այլև ստանալ դեռ չկողմնորոշված ընտողների աջակցությունը։










