Պենտագոնը հայտարարել է, որ չի կարող ինքնուրույն հաստատել Բուչայում տեղի ունեցածի մասին հաղորդումները

19:45 • 04.04.22

Պենտագոնը չի կարող ինքնուրույն հաստատել ուկրաինական Բուչա գյուղում տեղի ունեցածի մասին տեղեկությունները, սակայն հիմքեր չունի հերքելու ուկրաինական կողմի պնդումները։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

«Մենք չենք կարող ինքնուրույն հաստատել Բուչայում տեղի ունեցածի մասին հաղորդումները: Մենք տեսնում ենք նույն նկարները, ինչ դուք»,- հայտնել է պաշտոնյան:

Միաժամանակ նա հաղորդել է, որ Պենտագոնը «ոչ մի պատճառ չունի մերժելու ուկրաինական կողմի պնդումները»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք:

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։