Եթե մարդը պաշտպանել է հայրենիքը, դարձել հաշմանդամ ու հիմնադրամից հատուցում ստացել, աշխատանքային թոշակ չի՞ ստանա․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապ փոխնախարարին

16:57 • 05.04.22

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթը:

Ըստ գործող օրենքի՝ եթե մարդը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման Զինծառայողների հատուցման հիմնադրամից ստանում է հատուցում, չի կարող զինծառայողի կենսաթոշակ ստանալ: Նման կարգավորում կա նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝  խնդիրը պետք է այնպես կարգավորել, որ անձը կարողանա հիմնադրամից ստանալ հատուցում և միաժամանակ տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցրեց․ «Եթե անձը գնացել է հայրենիքը պաշտպանելու ու ստացել է հաշմանդամություն ու հիմնադրամից հատուցում, եթե այս օրենքը ընդունվի, իրեն չե՞ք տալու աշխատանքային կենսաթոշակ»:

Ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ եթե հաշմանդամությունը ժամկետով է, հիմնադրամից կստանա այնքան ժամանակ, մինչեւ ժամկետը կլրանա, որն առավելագույնը 20 տարի է:

«Երբ մարդը աշխատել է, ձեռք է բերել այդ թոշակի իրավունքը, նա սոցվճարներ է վճարել, ստաժ է առաջացել, գոյություն ունի կենսաթոշակային բաշխողական համակարգը, որով գոյացել է իր կենսաթոշակը: Հիմա այդ մարդը նաեւ հայրենիքն է պաշտպանել, ստացել վիրավորում, կամ Աստված չանի, իր կյանքն է կորցրել ու իր երեխաները պետք է ստանան կերակրողին կորցնելու նպաստ, դուք ասում եք՝ գիտեք, այս մեկը որ տալիս ենք, եկեք այս մեկը չտանք: Ի՞նչ կապ ունի պետությունը հիմնադրամի հետ: Մեկը իրավունքի համար կենսաթոշակ է, մյուսը՝ վարքագծի համար հատուցում: Ո՞ւմ մտքով են անցել այս լուծումները»,- ասաց Ավետիսյանը։

Նա առաջարկեց ոչ թե մարդուն զրկել աշխատանքային թոշակից, այլ այդ երկու վճարումները չկապել իրար հետ: