Հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակն ու այնտեղ Արցախի դրոշը տեղադրել․ ուղիղ (թարմացվող)
20։15
Հանրահավաքի մասնակիցները, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը։
Ցուցարարներն այժմ փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը։ Նշվում է, որ ակցիան կտևի 1 ժամ։
18։30
«Ազատության» հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։
Հանրահավաքը նախաձեռնել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Վաղը Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ կազմակերպվող հանրահավաքի նպատակն է ցույց տալը, որ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն։
«Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին:
Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։
Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ»,-ասված էր հանրահավաք հրավիրելու մասին հայտարարության մեջ։









