Ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկում. կասկածյալներից մեկը հայտնել է, որ ինքը պետական պաշտոնյա է․ shamshyan.com
Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել:
Ա. Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:










